Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` մի շարք ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Սերժ Սարգսյանը ասել, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով տնտեսական մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման խիստ մշտադիտարկում: Նա պահանջել է նաև գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:
«Մենք պարտավորություն ունենք մրցակցային միջավայր ձևավորելու, որը հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով, եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածել՝ ինչպես մեղմել հետևանքները:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին: Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ, ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով: Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:
Հանձնարարվել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են:
Սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար կմշակվի և կներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միևնույն ժամանակ խրախուսելով տեղական արտադրությունը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: