11 հունվարի 2018 - 15:02 AMT
Քոչարյան. ԼՂ խնդրի կողմերի միջև վստահություն իսպառ չկա

ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտն իսպառ բացակայում է, ուստի այս փուլում դժվար է խոսել բանակցությունների առաջընթացի մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարիների հանդիպմանը:

«Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փոխնարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծել է, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը:

«Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի նվազի այդ լարվածության մակարդակը», - հավելել է նա:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Մամեդյարովի և Նալբանդյանի հավանական հանդիպման հստակ օրվա և տեղի մասին ԱԳՆ-ն այս պահին չի կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով միայն, որ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին:

Պատասխանելով այն հարցին թե հնարավոր է, որ ԱԳ նախարարնեի հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում՝ Քոչարյանն ասել է. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ: