12 հունվարի 2018 - 14:47 AMT
Արման Կիրակոսյան. ԵԱՀԿ հակամարտությունները տարբերվում են կարգավորման սկզբունքներով և ձևաչափերով

ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ արժևորելով իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը:

Նիստում ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ` Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Առանձնահատուկ շեշտադրվել է շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվեց դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը՝ ի կատարումն ԵԱՀԿ նախկին նախագահությունների և Մինսկի խմբի համանախագահների կոչերի:

Անդրադառնալով Երևանյան գրասենյակի փակումից հետո ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի իրականացումը և դրա ուղղությամբ իտալական նախագահության աջակցությունը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ: