12 հունվարի 2018 - 17:20 AMT
Yandex-ը սկսել է անվճար ֆիլմեր և սերիալներ ցուցադրել

Yandex համացանցային ընկերությունը 2018-ի սկզբից սկսել է անվճար ֆիլմեր և սերիալներ ցուցադրել՝ առաջարկելով այդ ծառայությունը գլխավոր էջում:

Ֆիլմեր կարելի է դիտել նաև ընկերության այլ ծառայություններում՝ «Կինոպոիսկում», «Yandex.Հեռուստածրագրեր» և «Yandex.Տեսանյութեր» բաժիններում: Այդ մասին հայտարարել է ընկերության տեսածառայությունների զարգացման գծով տնօրեն Օլգա Ֆիլիպուկը, հայտնում է «Վեդոմոստին»:

Նա հավելել է, որ Yandex-ը գնել է հազարավոր ֆիլմերի, սերիալների և մուլտֆիլմերի ցուցադրության իրավունքը: «Աստիճանաբար մեր ֆիլմադարանն ընդգրկվում է: Մենք առաջին հերթին ընտրում ենք առավել պահանջված բովանդակության ֆիլմերը, հետո համալրում ենք դասական հավաքածուներով»,-ասել է Ֆիլիպուկը:

Ընկերությունը չի բացահայտում, թե որքան գումար է ծախսել ֆիլմերի ցուցադրության իրավունքները գնելու համար:

Այն մասին, որ Yandex-ը մտադիր է անվճար ֆիլմեր և սերիալներ ցուցադրել 2017-ի հոկտեմբերին: Նախատեսվում էր, որ ծառայությունը հասանելի կլինի համացանցում և Smart TV-ով: