13 հունվարի 2018 - 13:15 AMT
Մեսսին «Բարսելոնայում» ռեկորդային բարձր աշխատավարձ է ստանում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ, որի աշխատավարձը տարեկան 100 մլն եվրոյից ավելի է:

Ըստ նոր պայմանագրի, արգենտինացին տարեկան 104 մլն եվրո է ստանում հարկերի հետ միասին՝ ավելին, քան որևէ մեկը ֆուտբոլի պատմության մեջ: Մեսսիի զուտ աշխատավարձը տարեկան 50 մլն եվրոյից մի փոքր ավելի է, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է, գրում է Lenta.ru-ն L'Equipe-ի վրա հղումով:

Բրազիլացի Նեյմարը ՊՍԺ-ում տարեկան ստանում է 36,8 մլն եվրո, իսկ արգենտինացի Կարլոս Տեվեսը, որը մինչև 2018-ի հունվարի 2-ը հանդես էր գալիս «Շանհայ Շենհուայի» կազմում, տարեկան 38 մլն էր ստանում:

Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2004-ից: Հարձակվողը 8 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթի գավաթակիր, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող: Բացի այդ Մեսսին 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: Մեսսին 2017-ի նոյեմբերին երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև 2021թ.: