13 հունվարի 2018 - 17:05 AMT
Հարցում․ Վիրավորվե՞լ եք «կեղտոտ հայեր» արտահայտությունից Թրամփին ծաղրող եթերում

Ամերիկյան Comedy Central ալիքի Daily Show հաղորդման ընթացքում հումորիստ Թրևոր Նոան, ծաղրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հոգեկան առողջության մասին Twitter-ի հրապարակած գրառումը, օգտագործել էր «կեղտոտ հայ» բառակապակցությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե հոգեպես կայուն է, այնուհետև՝ ինքն իրեն անվանել էր հանճար։ Դրան ի պատասխան Նոան ասել է, որ միայն Թրամփը կարող էր պաշտպանել իրեն և նույն նախադասության մեջ ամբողջովին արժեզրկեր իր ասածը: «Դա նման կլիներ նրան, եթե մեկն ասեր՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»,- նշել է Նոան:

Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիան (ABA) և Հայ Դատի գրասենյակը (ANCA) հումորիստի արտահայտության մեջ հայերին ուղղված վիրավորանք տեսան և քայլեր են ձեռնարկում ներողություն ստանալու համար։ Սակայն բազմաթիվ ամերիկահայեր հենց ABA և ANCA ֆեյսբուքյան էջերում հայտարարել են, որ վիրավորական տարր հաղորդման մեջ չկար․ նպատակը Թրամփի արտահայտության իրարամերժությունը ցույց տալն է, և տվյալ կոնտեքստում հայերի հիշատակումն ԱՄՆ նախագահի խոսքերի աբսուրդն էր ընդգծում։

Ի՞նչ եք կարծում՝ վիրավորե՞լ է արդյոք հաղորդավարը հայերին: