15 հունվարի 2018 - 13:56 AMT
Լավրով. Շատ կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որ վիճակը ԼՂ շփման գծում ավելի հանգիստ լինի

Մոսկվան կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով ՌԴ դիվանագիտության 2017թ. աշխատանքը:

«Հիմա շատ կարևոր կլիներ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսցի շփման գծում այնուամենայնիվ ավելի հանգիստ լինի, դա թույլ կտար անցնել քաղաքական կարգավորման»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ մեկընդմիշտ լուծել: Փուլային մոտեցում է պետք, որը կարտահայտի պայմանավորվածություններն այն հարցերում, որոնք հնարավոր են հիմա, և կնախանշի այն հարցերի վրա աշխատանքի ուղիները, որոնք լրացուցիչ քննարկում են պահանջում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ դիվանագետներն ինտենսիվ և կանոնավոր կերպով աշխատել են հակամարտության կարգավորման վրա: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի կարող կոնկրետ ծրագրեր ունենալ ԼՂ կարգավորման հարցում, քանի որ «հիմնահարցը կարող են հանգուցալուծել միայն հակամարտության կողմերը»,-ասել է Լավրովը:

Ըստ նախարարի, Ռուսաստանը գործընթացի մյուս մասնակիցների հետ միասին պայմաններ է ստեղծում նման կարգավորման համար՝ համեմատելով կողմերի մոտեցումները՝ համընկնում որոնելով, և ջանում է «հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որտեղ կողմերը մինչ օրս հակադիր դիրքորոշումներ ունեն»: «Մենք ակնկալում ենք, որ ինչ-որ դրական ազդակներ կլինեն Ադրբեջանից և Հայաստանից»,-ասել է նա:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ: