16 հունվարի 2018 - 12:32 AMT
Freedom House. ՀՀ-ն՝ մասամբ ազատ երկիր` անազատ մամուլով և ընտրախախտումներով

Հայաստանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից 45 միավորով դարձյալ մասամբ ազատ երկրների շարքում է: «Ազատությունն աշխարհում 2018. ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» զեկույցի համաձայն՝ երկիրը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության, և մասամբ ազատ՝ համացանցի ազատության առումներով:

2017-ի վարկանիշում ևս ՀՀ-ն՝ 45 միավորով, ճանաչավել էր մասամբ ազատ:

Հնարավոր 100 միավորից 30 միավորով, 2017-ի 33-ի փոխարեն, մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը:

Հարավային Կովկասում մասամբ ազատ է ճանաչվել նաև Վրաստանը՝ 64 միավորով: Ադրբեջանը 12 միավորով ճանաչվել է ոչ ազատ երկիր: Իրանը և Թուրքիան նույնպես ոչ ազատ երկրների շարքում են՝ համապատասխանաբար 17 և 32 միավորներով:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշների խախտումներով. իշխող կուսակցությունը ընդդիմության նկատմամբ ճնշումներ է բանեցրել , ահաբեկել է ընտրողներին, չարաշահել վարչական ռեսուրսները՝ իշխանությունը պահելու համար: Հայաստանում աղաղակող ընտրախախտումները հակասում են երկրի՝ Եվրամիության հետ սերտ փոխհարաբերությունների ձգտմանը, որի հետ նոյեմբերին ստորագրվել է Համապարափակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: