17 հունվարի 2018 - 17:00 AMT
$100 մլն-անոց ներդրումային նախագիծ՝ Մարտակերտում

2018 թվականը լինելու է բեկումնային Արցախի տնտեսական զարգացման առումով, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն՝ ամփոփելով 2017-ի տնտեսական արդյունքները:

«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյս մեթալս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ»,-ասել է նա։

Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։ «Արդյունքում, կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության և զբոսաշրջության նպատակներով»,- նշել է պետնախարարը։

Գյուղատնտեսության բնագավառում ևս կարևոր ծրագրեր ենք նախատեսում, որոնք ընդգրկելու են ոռոգման համակարգերը, այգեգործությունը, հացահատիկի մշակումը, անասնապահությունը և մնացած հիմնական ճյուղերը։

Խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ Հարությունյանը հիշատակել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը։ «Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Ինչպես գիտեք, այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,- նշել է Հարությունյանը։

Պետական նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 մՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։

Անդրադառնալով վերջին շրջանում գրանցված գնաճը մեղմելու վերաբերյալ հարցին՝ Հարությունյանն ասել է, որ համաձայն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում։

Նա նշել է, որ հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով: «Սակայն, Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է Հարությունյանը։

Հարությունյանը հայտարարել է նաև, որ վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են: «Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է պետական նախարարը։- Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»։