18 հունվարի 2018 - 12:47 AMT
Մանկապարտեզի երեխայի ծնողի աշխատանքը չի ավարտվի ժամը 17:00-ին. Նախագիծը մերժվել է

ՀՀ կառավարությունը հունվարի 18-ի նիստում մերժել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մանկարպարտեզ հաճախող երեխայի աշխատող ծնողներից մեկի աշխատանքային ժամը սահմանել մինչև 17։00-ն:

Ըստ գործադիրի, ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը չի համապատասխանում միջազգային դրական փորձին և չի լուծում ծնողների՝ աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:

«Մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից»,-ասված է գործադիրի եզրակացության մեջ:

Կառավարությունում մտավախություն ունեն նաև, որ նախագիծը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը և ծախսերի փոփոխությանը:

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման համաձայն՝ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այստեղ հաճախող սաների ծնողների համար: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը: