18 հունվարի 2018 - 14:19 AMT
Երևանի քաղաքապետարան․ «Գազելները» վերանալու են, «գծերը»՝ կրճատվելու

Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը առաջարկում է մոտ 3 անգամ կրճատել ներկայիս տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ 115 գծի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցի փոխարեն՝ 939-ը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին է ասվում WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծում։

Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը։

Նախագիծը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։