Տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: «Առավոտի» փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։
Հանձնաժողովում, ըստ նախարարի, պետք է ընդգրկվեն գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակության վստահությունը վայելող մասնագետներ՝ ճանաչված գիտնականներ, դասախոսներ:
Ուսանողները իրենք պետք է դիմում ներկայացնեն այդ հանձնաժողովին, եթե համարում են, որ իրենք արժանի են տարկետումից օգտվելու: Հանձնաժողովը սահմանում է 100 բալանոց սանդղակ։ Եթե ուսանողի միավորները 80 կամ բարձր են, նա ստանում է տարկետում։ Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:
2017-ին ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով վերացվում է տարկետման իրավունքը:Օրենքով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: