20 հունվարի 2018 - 10:35 AMT
Ոռոգվող հողատարածքներն ավելացել են 9,2%-ով

2017 թվականին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8930 հեկտարով կամ 9,2%-ով՝ կազմելով 97.470 հա: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նախորդ տարի 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28% աճ՝ 1,130 մլն խմ չափով. ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի:

2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել է 1,420 մլրդ դրամով, հավաքագրումները՝ 380 մլն-ով: Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, 2017-ին հավաքագրման ծավալը կազմել է 4,150 մլրդ դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագուն չափն է:

Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում պետություն-մասնավոր ձևաչափով կազմել 2-3 ջրամբարի կառուցման առաջարկ:

Ընթացիկ տարում նախատեսվում է ջրային կառավարման համակարգում իրականացնել մոտ 25 մլրդ դրամի ծրագրեր: