20 հունվարի 2018 - 10:36 AMT
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը

Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն՝ անդրադառնալով ֆրանսիական կառավարությանն ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչին ՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին:

«Այդ պահանջը ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»,- ասել է Սարգսյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է նա:

ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։