22 հունվարի 2018 - 10:26 AMT
Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ

2017-ի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետևանքով առաջացած բարդությունները, և հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև` ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը:

«Այսօր պատվաստելով Ձեր երեխային, ապագայում կպաշտպանեք նրան քաղցկեղից: Պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է` պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ»,-ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում: Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Կիևում և Օդեսայում: Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ համաճարակի պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։

Պատվաստումն իրականացվում է 13-14 տարեկան աղջիկների շրջանում, իսկ ավելի հստակ պատվաստվում են 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները, որոնց թիվը կազմում է շուրջ 16 հազար։ Երեխաները պատվաստվում են երկու դեղաչափով, որոնց մեջ ինտերվալը վեց ամիս է։ Պատվաստվում է «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութը: