22 հունվարի 2018 - 12:15 AMT
Oxfam. 2016-17թթ. յուրաքանչյուր 2 օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել

2017-ին աշխարհում վաստակած կապիտալը կենտրոնացել է առավել հարուստ մարդկանց ձեռքում: Ինչպես ասվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային Oxfam միավորման հետազոտության մեջ, 2016-ին և 2017-ին միլիարդատերերի քանակն աննախադեպ աճել է:

Ըստ Oxfam-ի, միջինը յուրաքանչյուր 2 օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել: Ընդհանուր առմամբ աշխարհում 2043 միլիարդատեր կա, գրում է Deutsche Welle-ն:

Աշխարհում վաստակած «նոր» միջոցների 82 տոկոսը 2017-ին կուտակվել է բնակչության 1 տոկոսը կազմող ամենահարուստ մարդկանց հաշիվներին: Աշխարհի առավել աղքատ 3,7 մլրդ մարդը ընդհանրապես ոչինչ չի ստացել աշխարհի մակարդակով աճած շահույթից:

«Միլիարդատերերի բումը վկայում է ոչ թե բարգավաճող տնտեսության, այլ տնտեսական կարգի ձախողման մասին»,-հայտարարել է Oxfam-ի տնօրեն Վիննի Բյանյիմը:

Գերմանիայում Oxfam-ի ղեկավար Յորգ Կալինսկին քննադատել է ստեղծված վիճակը: «Հարուստ փոքրամասնությունը զանգվածաբար ազդում է քաղաքական որոշումների վրա և անպատասխանատու կերպով կրճատում է ծախսերը, հատկապես աշխատավարձերն ու հարկերը, ավելացնելու համար բաժնետերերի եկամուտները»,-ասել է Կալինսկին:

Oxfam-ը կոչ է անում կասեցնել հարկերից խուսափումը կոնցերնների և ամենահարուստ մարդկանց պարագայում, ավելի արդար երկամուտներ սահմանել տղամարդկանց և կանանց համար, ինչպես նաև ներդրումներ անել բոլորի համար առողջապահության և կրթության ոլորտում: