4 մարտի 2008 - 16:14 AMT
Միջազգային կառույցների հայտարարությունները Երեւանում արտակարգ դրության անհապաղ վերացման մասին անտակտ են
Միջազգային կառույցների հայտարարությունները Երեւանում արտակարգ դրության անհապաղ վերացման մասին անտակտ են: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, եվրոպացի պաշտոնյաները իրենց հայտարարություններում պետք է ուշադրություն դարձնեն մի քանի փաստերի վրա, որոնք անզեն աչքով էլ երեւում են: «Առաջին. 10 օր անընդմեջ շարունակվող չարտոնված հանրահավաք եւ, չնայած պետական իշխանության տապալման կոչերին, մարդկանց ոչ ոք չէր դիպչում: Երկրորդ. Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սադրում էին զանգվածային անկարգություններ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որին միջազգային դիտորդները եւս ուշադրություն չդարձրեցին եւ, վերջապես, երրորդ. մինչեւ ԱԴ հայտարարելը, ոստիկանությունը զենք չի կիրառել ցուցարարներին ցրելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ, ովքեր կոչ են անում վերացնել ԱԴ-ն, ծանոթ չեն իրադրությանը Երեւանում»,- ասել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ արտասահմանյան ԶԼՄ-ներում շատ տեղեկատվություն է տարածվում, որը մեծամասնությամբ «սուտ է»: