23 հունվարի 2018 - 10:30 AMT
Ֆրանսիայի Սենատի նախագահ. Հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է սերտանան տնտեսական կապերի ընդլայնմամբ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է սերտանան տնտեսական կապերի ընդլայնմամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը Ֆրանսիայում է աշխատանքային այցով:

Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն նախագահ ունի, որը ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։ Հանրապետության նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այդ առումով կարևորել են միջխորհրդարանական երկխո¬սության դերը միջպետական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման գործում:

Հանդիպումների հաճախակիությունը, նախագահ Սարգսյանի համոզմամբ, վկայում է այն կարևորության մասին, որ երկուստեք տրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշել է, որ սա պարոն Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում: Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար` Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:

Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: