23 հունվարի 2018 - 11:16 AMT
Կենդանաբանական այգին հունվարի 23-ից փետրվարի 4-ը փակ կլինի

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար: Դա պայմանավորված է կենդանաբանական այգում ընթացող շինբարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներով: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հայցելով այցելուների ներողամտությունը:

Մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում ընթանում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:

Երևանի կենդանաբանական այգին բացվել է 1940-ին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ կային: Այսօր այցելուներին սպասում են արդեն մոտ 40 տեսակ թռչուն (այդ թվում՝ արծիվներ, անգղներ ու սիրամարգեր), 40-ից ավելի տեսակ կաթնասուն (այդ թվում՝ արջեր, առյուծներ ու ընձառյուծներ, փիղ, գետաձի) և մոտ օձի մոտ 10 տեսակ՝ այդ թվում իրենց գեղեցկությամբ հիպնոսացնող վագրանախշ ու մեհենագրային պիթոնները, ծիածանագույն ու մադագասկարյան վիշապները: