23 հունվարի 2018 - 12:00 AMT
ՈւԵՖԱ նախագահ. Հարուստ ակումբները գնում են բոլոր լավագույն խաղացողներին՝ դա պետք է կասեցնել

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ միությունը պայքարելու է ֆուտբոլում մրցակցային բալանսի պահպանման համար: «Հարուստ ակումբները գնում են բոլոր լավագույն խաղացողներին: Մենք պետք է կասեցնենք դա»,-ասել է նա The Telegraph-ին տված հարցազրույցում, հայտնում է Eurosport-ը:

Առաջիկայում Չեֆերինը հանդիպում է ունենալու առաջատար ակումբների սեփականատերերի հետ՝ քննարկելու համար եվրոպական ֆուտբոլում խաղացողների աշխատավարձերի և գործակալների միջնորդավճարների սահմանափակման հարցը:

«Մենք կպարտավորեցնենք այն ակումբներին, որոնք չեն պահպանի նոր կանոնները, ճոխության հարկ վճարել»,-ասել է ՈւԵՖԱ նախագահը:

ՈւԵՖԱ-ն մտադիր է սահմանափակումներ ներմուծել տրանսֆերի համար՝ տարբերությունը գնումների և վաճառքների միջև չպետք է գերազանցի 100 մլն եվրոն: Չեֆերինը կսահմանափակի այն ֆուտբոլիստների քանակը, որոնց ակումբները կգնեն կամ վարձակալության կվերցնեն՝ խուսափելու համար մի իրավիճակից, երբ «Չելսիի» հետ պայմանագիր ունի ավելի քան 50 ֆուտբոլիստ: