4 մարտի 2008 - 18:13 AMT
ՀՀ ԱԳՆ. Արտասահմանցի ներկայացուցիչների բոլոր ծրագրված այցելությունները Հայաստան կայանալու են
Հայաստանի արտգործնախարարությունը հատուկ ռեժիմում է աշխատում Երեւանում արտակարգ դրության պատճառով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Մասնավորապես, նա նշել է, որ նախարարությունը ավելի հաճախ է հանդես գալու հայտարարություններով մամուլի համար` մեկնաբանելով երկրի արտաքին քաղաքականության որոշ հարցեր:

Օսկանյանը նաեւ ընդգծել է, որ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետաձգված այցելությունը կայանալու է: «Մարտի 5-ին կարդինալը հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին: Ծրագրված է նաեւ հանդիպում ԱԳՆ-ում: Հայկական կողմը Վատիկանի պետքարտուղարի այցելությանը մեծ նշանակություն է տալիս, քանի որ մենք գտնում ենք, որ հոգեւոր առաջնորդի կոչը կարող է կարեւոր նշանակություն ունենալ»,- ասել է Օսկանյանը:

Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Խեյքի Տալվիտիեն մինչեւ հիմա գտնվում է Երեւանում եւ բանակցությունները նրա հետ շարունակվում են: «Հինգշաբթի Երեւան է ժամանելու Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Մենք նրա հետ մտադիր ենք քննարկել ոչ միայն ներքաղաքական իրադրությունը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: