23 հունվարի 2018 - 16:18 AMT
Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը համալրել են Պուտինի վստահված անձանց ցուցակը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 2018-ի նախագահական ընտրություններում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբի անդամներին: Նոր ցանկում են ընդգրկվել նաև ռուսական էստրադայի հայտնի դեմքեր գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը:

Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Վստահված անձանց նոր ցանկում են ընդգրկվել նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում դիրիժորներ Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, երգիչ Օլեգ Գազմանովը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն և այլոք, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վստահված անձանց առաջին ցուցակում ևս կան հայկական ազգանուններ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը։

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: