4 մարտի 2008 - 18:57 AMT
ԼՂՀ պաշտպանության բանակը ետ է մղել ադրբեջանական ԶՈՒ հարձակումը
Մարտի 4-ին, ժամը 0500-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ադրբեջանական ուժերը գրավել են ԼՂՀ զինված ուժերի առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: ԼՂՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել` հակառակորդին ստիպելով վերադառնալ նախկին դիրքերը: Ադրբեջանական կողմից կան զոհեր եւ վիրավորներ: Նույն օրը, ժամը 0800-ի սահմաններում փոխհրաձգությունն ավելի ինտենսիվ բնույթ է կրել: Ժամը 1540-ի դրությամբ հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը: Իրավիճակը ներկայումս խաղաղ է, կրակոցներ չկան:

Զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարն անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակվել նաեւ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ: