24 հունվարի 2018 - 16:58 AMT
ՀՀ նախագահ․ Բաքուն պատրաստ չէ ԼՂ խնդիրը հանգուցալուծելուն

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է՝ դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Այդ մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Բաքուն պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելուն:

Նա հավելել է, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: «Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ որ գտնվեմ: Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում»,-ասել է նա:

Նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է։ Այս ձևաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունը, այդ թվում նաև Եվրոպայի խորհուրդը։ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը:

«Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը:

Մարդու իրավունքների պաշտպանությունը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է. ի թիվս Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի՝Արցախը դեռևս 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և պարտավորվել լիարժեքորեն կիրարկել այն։Հատկապես գնահատելի է, որ Լեռնային Ղարաբաղը այս ամենին հասել է իր սեփական ուժերով` առանց միջազգային կառույցների շոշափելի աջակցության, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը զուտ խոսքեր չեն, այլ գիտակցված ու հետևողական ընտրություն»,-նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ էԱդրբեջանը, որի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աղաղակող խախտումներ՝ընդհուպ մինչև ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդում, անգամ առևանգում մեկ այլ երկրի տարածքից:

Ընթերցեք նաև.Սարգսյան. Կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն նոր գործիքակազմ է նախատեսել