5 մարտի 2008 - 13:17 AMT
Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի քվերակությունը կանխելու ջանքերը
ՄԱԿ-ում մարտի 14-ին կայանալու է Լեռնային Ղարաբաղի գծով բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը, որն օրակարգ է մտցրել Ադրբեջանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն, ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումով փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից:

«Մենք շարունակում ենք դիվանագիտական քայլերն, ուղղված այդ բանաձեւի գծով քվերակության կանխմանը, քանի որ համարում ենք, որ Ադրբեջանն այդ քայլով չարաշահում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Ճիշտ է, Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած պահի ներկայացնել բանաձեւը: Ցավոք, եթե բանաձեւն ընդունվի, ապա Հայաստանի նորընտիր նախագահը շատ տհաճ իրավիճակում կհայտնվի, եւ դա կնշանակի, որ Ադրբեջանը մտադիր է փոխել իր ռազմավարությունը բանակցությունների հանդեպ»,-ասել է Օսկանյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ ներկայումս Բաքվին հակազդելու Հայաստանի ջանքերը վատ արդյունքներ չեն տալիս, սակայն նա չի կարող կանխատեսել քվեարկության արդյունքները ՄԱԿ-ում:

«Պաշտոնական Բաքուն, օգտվելով Կոսովոյի իրավիճակից եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, փորձում է լուծել իր խնդիրները եւ հասնել իր տարածքային ամբողջականության ճանաչմանը: Դա այն է, ինչ Ադրբեջանը վաղուց ի վեր փորձում է անել, չհասնելով հաջողության: Սակայն տվյալ պահի դրությամբ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձում են համոզել Ադրբեջանին ետ կանչել իր բանաձեւը: Չգիտեմ, կհաջողվի դա նրանց, թե ոչ, սակայն հուսով եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չեն սատարի այդ բանաձեւին»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողով է ներկայացրել «Իրավիճակն Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որտեղ խնդրում է հաստատել իր տարածքային սահմանները եւ իրավունքը Լեռնային Ղարաբաղի հանդեպ: