Լիբանանը մտադիր է սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ է կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև փոխգործակցության և ամուր կապերի առկայության տեսանկյունից:
Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, և կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնվածգործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:
Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Դավոսյան համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:
Հայաստանը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է նաևհանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ:
Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: