26 հունվարի 2018 - 15:44 AMT
WSJ. Արդյո՞ք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համարձակություն պետք է ցուցաբերի: Այս մասին ամերիկյան The Wall Street Journal ամսագրում «Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին» վերնագրով հոդվածում գրել է 1913-1916 թվականներին Օսմանյան կայրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուն:

Ըստ հեղինակի, սա հստակ ազդակ կլիներ ամբողջ աշխարհում իշխանության ղեկին գտնվող մարդասպանների համար, որ նրանց հանցանքներն անպատիժ չեն մնա:

Մորգենթաուն հոդվածը սկսում Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերով, որը լեհերին սպանելու հրաման տալու ժամանակ ասում էր, թե ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին:

«Սա վերաբերվում էր օսմանյան թուրքերի կողﬕց 1915 թվականի սկզբներին հայ բնակչության համակարգված ոչնչացմանը: Համաշխարհային ուժային կենտրոնները աննշան դիմադրություն ցուցաբերեցին տեղի ունեցող կոտորածին: Ավելի ուշ, Թուրքիայի ժխտողականությունը դարձրեց այն «մոռացված ցեղասպանություն»,- գրում է հեղինակը:

Նրա խոսքով, Թուրքիան՝ «իբրև թե ԱՄՆ-ի դաշնակիցը», հրաժարվում է առերեսվել պատմությանը, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը ձախողվել է ըստ արժանվույն գնահատելու կատարվածը: «Աﬔրիկյան վարչակարգերը ենթարկվելով Թուրքիայի ճնշմանը, ձախողվեցին մի շատ պարզ փաստ հաստատելու գործում, այն է՝ հայերի կոտորածը ոչ թե պատմական դժբախտություն, այլ կազմակերպված ցեղասպանություն էր», - գրում է Մորգենթաուն:

Նա ասում է, որ ԱՄՆ նախագահները 1995-ից ի վեր խոստանում էին ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, սակայն այդպիսի որոշում Թրամփը կայացրեց, ինչը, կարծես թե, նոր ժամանակաշրջանի մասին է ազդարարում: «Այս փաստն ինձ լավատեսություն է ներշնչում, որը նույնը կարող է լինել և Հայոց ցեղասպանության պարագայում: Աﬔն տարի ապրիլին նախագահը հայտարարություն է տարածում հայերի դեմ իրականացված կոտորածների մասին: Սակայն թուրքական ճնշման հետևաքով հայտարարությունում երբեք չի եղել «ցեղասպանություն» բառը: Դա պետք է փոխվի: Արդար աշխարհի կարգը չի կարող հիմնվել կեղծիքի վրա», -եզրափակում է հեղինակը: