26 հունվարի 2018 - 10:26 AMT
Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության ծրագրերը ՀՀ-ում կշարունակվեն

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: Այդ հարցը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ:

Հանդիպմանը քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար: Նա ներկայացրել է նաև 2017 թ. Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները:

Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Անդրադառնալով 2017թ. Հայաստանում արձանագրված արդյունքներին և միտումներին՝ Շինիչի Կիտաոկան դրանք բավականին տպավորիչ է համարել:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ տեխնիկատնտեսական հաշվետվություն (feasibility study) իրականացնելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու ոլորտը համաշխարհային արժեքային շղթայի հետ կապելը, ինչը կնպաստի հայկական գյուղարտադրանքի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմանը:

Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ, ինչպես նաև Լիբանանի, Իրաքյան Քրդստանի և այլ երկրների ղեկավարների հետ:

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: