5 մարտի 2008 - 16:35 AMT
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալները փոխհրաձգության արդյունքում եղած զոհերի մասին, ինչպես միշտ, չեն համապատասխանում իրականությանը
Մարտի 4-ի երեկոյան ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի փոխհրաձգության շրջանում է եղել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Կասպրշիկի հետ տեղի ունեցած նախադեպի շուրջ: «Ինչպես մեզ հայտնի է, շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունները ժամանակ առ ժամանակ շարունակվում են մինչեւ հիմա»,- ասել է Բալայանը: Նա նաեւ հայտնել է, որ նույն առիթով Վարդան Օսկանյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի մարդու հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգերի հետ:

«Վաղը Հայաստան են ժամանելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ջոն Պրեսկոտը եւ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան»,- հաղորդել է մամլո քարտուղարի պաշտոնակատարը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալները փոխհրաձգության արդյունքում եղած զոհերի մասին, ինչպես միշտ, չեն համապատասխանում իրականությանը: «Հայկական կողմից վիրավոր են երկուսը, մեկը` թեթեւ, մյուսը` միջին ծանրության: Ադբեջանական կողմը ունեցել է 8 զոհ եւ 7 վիրավոր»,- ասել է Բալայանը: