27 հունվարի 2018 - 10:52 AMT
2018-ին նախատեսվում է ինտենսիվ այգիների ծավալն ավելացնել 800 հա-ով

2018 թվականին նախատեսվում է պետական ծրագրի շրջանակում ինտենսիվ այգիների ծավալն ավելացնել 200 հեկտարով, մասնավոր հատվածի նախաձեռնությամբ՝ 600 հեկտարով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ներկա դրությամբ հանրապետությունում առկա է 2190 հեկտար ինտենսիվ այգի:

«Ընթացիկ տարում պետական ծրագրով ներդրվելու է 1600 հեկտար կաթիլային ոռոգման համակարգ. այժմ ճշգրտվում են մասնավոր հատվածի կողմից այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Ներդրվելու է նաև 1350 հեկտար կարկտապաշտպան ցանց», - ասել է նախարարը:

2018-ի ընթացքում իրականացվելու է 2,8 մլրդ դրամի գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիր:

2017-ին գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 165 միավոր տեխնիկա, ինչը 2016-ի համեմատ ավելի է 2,5 անգամ: