27 հունվարի 2018 - 14:13 AMT
Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հերթական պարգևն է ստացել

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հերթական պարգևին է արժանացել: Նա պարգևատրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության «Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով: Մոսկվայում պարգևը Գոհար Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԱԾ գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը:

Պարգևատրման մասին հրամանագիրը ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանը ստորագրել էր դեռևս 2017-ի մարտին:

2017-ին Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը Ռուսաստանի անլեգալ հետախուզության 95-ամյակի կապակցությամբ անվանակոչվեց Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով: Ալմաստը պահվում է ՌԴ պետական գանձարանում: Վարդանյանների պատվին անվանակոչված ալմաստը եզակի է նրանով, որ երկու սերտաճած ալմաստից է բաղկացած՝ դա բացառիկ երևույթ է բնության մեջ,

16 տարեկանում Գոհար Վարդանյանը դարձել է իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է:

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:ծ Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը: