5 մարտի 2008 - 18:14 AMT
Ռ. Քոչարյան. Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր
Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական կողմի մարտունակությունը նախկին մակարդակին է: Այդ մասին մարտի 5-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր: «Լրիվ հնարավոր է, որ նրանք կարծել են, թե երկրի ներսում իրադրության պատճառով, մենք կորցրել ենք աչալրջությունը: Հնարավոր է, նրանք նաեւ ենթադրել են, Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել որոշակի ռազմական ուժ»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Նա ընդգծել է, որ տվյալ պահին զինադադարը վերականգնվել է:

Հայաստանի գործող ղեկավարի խոսքերով, ադրբեջանական կողմը առաջնային գծում հրետանի է օգտագործել, ինչը վաղուց չէր եղել առաջնային գծում: Նորից ներկայացնելով լրագրողներին երեկ տեղի ունեցած իրադարձությունները` նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հարձակվել էր հայկական դիրքերից մեկի վրա առաջնային գծում, ապա պատասխան գործողություններ են հետեւել, եւ ստատուս-քվոն վերականգնվել է: Հայկական կողմից երկու վիրավոր կա, սպան վիրավորվել է ձեռքից, իսկ զինվորը վնասել է ոտքը հակահետեւակային ականի վրա, հաղորդում է Regnum-ը:

Մարտի 4-ին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կտրուկ սրվել է իրադրությունը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի եւ Ադբեջանի ԶՈՒ միջեւ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 8 զինծառայող ադրբեջանական կողից: Հայկական կողմը հայտնել է երկու վիրավորների մասին: