29 հունվարի 2018 - 12:32 AMT
ԱԳՆ-ն ճշտում է Աֆրինում ազգությամբ հայի զոհվելու մասին լուրը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայի զոհվելու մասին լուրերը:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա ասաց, որ գործողության ձեռնարկումից ի վեր ուշադրությամբ հետևում են շրջանում բնակվող հայերի իրավիճակին:

Աֆրինում հայ երիտասարդի զոհվելու մասին հայտնել էր տեղի քրդամետ աղբյուրներից մեկն՝ առանց որևէ այլ մանրամասներ հաղորդելու։

Ավելի վաղ, Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր Աֆրինում մեկ հայի վիրավորման մասին: Թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել էր նաև սիրիական հայաշատ Ղամիշլի շրջանի մի շարք թաղամասեր, տեղի հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չէին գրանցվել:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: