BBC և Netflix ընկերությունները կմիավորվեն «Տրոյա. Քաղաքի անկումը» (Troy: Fall of a City) սերիալի նկարահանումների համար: 8 սերիանոց սերիալը կպատմի Տրոյայի անկման պատմությունը տրոյացիների տեսակետից և ցույց կտա, թե ինչպես է գեղեցկուհի Ելենան լքում ընտանիքն ու ամուսնուն և սկիզբ դնում 10-ամյա պատերազմին, գրում է Daily Mail-ը:
Սերիալի սցենարը գրել է Դևիդ Ֆարը: BBC-ում հուսով են, որ սերիալը կկարողանա մրցակցել HBO-ի հայտնի նախագծի՝ «Գահերի խաղը» սերիալի հետ: Ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր էպիզոդի համար նախատեսվում է ծախսել մոտ 2 մլն եվրո, ինչը նշանակում է, որ նախագիծը կդառնա BBC-ի ամենաթանկ շոուներից մեկը:
Նախագծի մասին հայտարարվել էր դեռևս 2015-ին: Ըստ Ֆարի, բոլորին է ծանոթ Տրոյայի պատմության հունական տեսակետը, սակայն, եթե նայելու լինենք այդ պատմությանը տրոյացիների տեսակետից, միանգամայն այլ պատմություն կստացվի:
Տրոյան հնագույն քաղաք է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, Էգեյան ծովի ափին, Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ. թ. ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ. թ. ա. 1200 թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում։