29 հունվարի 2018 - 16:11 AMT
RTL France-ը՝ հայկական խոհանոցի և առողջության համար դրա օգտակարության մասին

Հայտնի ֆրանսիացի բժիշկ Ֆրեդերիկ Սալդմանն, անդրադառնալով Ռիչարդ Զարզավաջյանի «Հայաստանի խոհանոցը» գրքին և բարձր գնահատելով այն, ուշադրությունը հրավիրում է հայկական խոհանոցի և առողջության համար վերջինիս օգտակար լինելու վրա, գրում է RTL-ը:

Սալդմանը ֆրանսիացի սրտաբան է և կանխարգելիչ բժշկության մասնագետ, «Առողջություն մինչև 120 տարեկան առանց դեղերի ու բժիշկների» գրքի հեղինակ:

«Մեծ խնդիրը, որ մենք ունենք սննդի պարագայում, այն է, որ մենք, որպես կանոն, անընդհատ նույն բանն ենք ուտում»,-ասել է Սալդմանը:

Ըստ նրա, առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է բանջարեղեն ուտել, իսկ բազմազան բանջարեղենը սննդի մեջ նվազեցնում է պեստիցիդների մեծ քանակ օգտագործելու ռիսկը:

«Հայկական խոհանոցի մասին գրքում, որտեղ պարզ բաղադրատոմսեր են հավաքված, մենք հասկանում ենք, որ բանջարեղենից կարելի է իսկական ճաշատեսակներ պատրաստել: Կարծում եմ, մենք պետք է բացահայտենք մեզ համար այդ տնային բաղադրատոմսերը, քանի որ այնտեղ է առողջության բանալին»,-ասել է Սալդմանը: