29 հունվարի 2018 - 17:00 AMT
Ադրբեջանի սև ցուցակը կհամալրվի ևս մեկ եվրոպացի խորհրդարանականով

Ադրբեջանը սև ցուցակում կներառի վերջերս Արցախ այցելած եվրախորհրդարանական Լարս Ադակտուսսոնին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:

Ըստ Հաջիևի, Եվրախորհրդարանի պատգամավորի այցն Արցախ կազմակերպել էր «Բրյուսելում գործող հայկական լոբբին», գրում է Haqqin.az-ը:

«Վերոնշյալ պատգամավորի անունը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, խորհրդարանական մակարդակով համագործակցության, Արցախում դատական համակարգի անկախության և օրենքի գերակայության թեմաներով:

Հանդիպման ընթացքում արցախցի խորհրդարանականները հյուրերի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների, անվտանգության, արցախյան ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանի, Արցախում տեղական ինքնակառավարման և ներքաղաքական այլ հարցերի շուրջ: