30 հունվարի 2018 - 12:37 AMT
Ֆիլմ Արցախի մասին. «Կյանքը երբեք նույնը չի մնում Արցախ այցելելուց հետո»

Լեռնային կիրճեր, հինավուրց վանքեր, հին գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանալի մարդիկ՝ այդ ամենը կարելի է տեսնել Արցախի Հանրապետության մասին նոր ֆիլմում: Այդ մասին գրում է TravelBlog.lv-ն:

Հայտնի լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը և լիտվացի Ստանիսլավ Գորբունովը 2017-ի սեպտեմբերին այցելել էին Արցախ: Ֆիլմը կոչվում է «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ», այն տևում է 16 րոպե: TravelBlog.lv նախագծի թիմի անդամները Լատվիայից և Լիտվայից մեկ շաբաթ են անցկացրել Արցախում, եղել ամենահեռավոր անկյուններում, շփվել ամենատարբեր մարդկանց հետ:

Կյանքը երբեք նույնը չի մնում Արցախ այցելելուց հետո՝ այս խոսքերով է սկսվում ֆիլմը:

«Ֆիլմի նպատակն է բացահայտել այդ հրաշալի վայրն աշխարհի համար և նրա հսկայական զբոսաշրջային պոտնեցիալը: Չնայած բոլոր քաղաքական բարդություններին, այստեղ հազարամյակներ շարունակ հյուրընկալ ու պարզ մարդիկ են ապրում և ուրախությամբ են ընդունում բոլոր նրանց, ով ցանկանում է այցելել այդ վայրերը: Ֆիլմում նշվում է, որ վերջին տարիներին շատ բան է արվել երկիրն ամբողջ աշխարհի համար գրավիրչ դարձնելու նպատակով: Լավ ճանապարհներ են կառուցվել, տարբեր ճաշակի ու գնի հյուրանոցներ են բացվել, էքստրեմալ և ճանաչողական երթուղիներ են անցկացվել լեռներում»,-գրել է իր բլոգում Ալիմովը:

Հեղինակները նշում են, որ ֆիլմը հեշտ էր նկարահանել, քանի որ Արցախում հետաքրքիր ու գեղեցիկ վայրերի պակաս չկա: Ըստ հեղինակների, դրոնով արված կադրերը թույլ են տալիս բացահայտել Գանձասարի ու Դադիվանքի ամբողջ գեղեցկությունը, զգալ կիրճերի խորությունն ու լեռների բարձրությունը: Հետաքրքիր են նաև տեղաբնակների սովորույթներն ու ավանդույթները: Չի անտեսվել նաև ղարաբաղյան խոհանոցը:

Ֆիլմը շատ կենդանի ու գեղեցիկ է ստացվել: Ֆիլմի հեղինակները հավատում են, որ այդպիսի Լեռնային Ղարաբաղը բոլորի սրտով կլինի՝ չէ որ Երկիր մոլորակը շատ փորք է ճամփորդություններն արգելելու համար: