Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առգրավվել է Հայաստանից ներմուծված մեկ տոննա կենդանի խեցգետնի խմբաքանակ: «Մոսկվա» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը:
Նշվում է, որ խախտված է եղել բեռի ամբողջական փաթեթավորման պահանջը: Ինչպես նաև, արտադրանքի մշակման ամսաթիվը, որը նշված է եղել անասնաբուժական հավաստագրում, չի համապատասխանել պիտակի վրա նշված մշակման ամսաթվին:
Ավելի վաղ,Հայաստանից ներմուծված 200 կենդանի աղավնու խմբաքանակ էր հետ ուղարկվել Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Փաստաթղթային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել էր, որ աղավնիներ ներմուծող կազմակերպությունը գրանցված չէ ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքներ արտահանող և ներմուծող կազմակերպությունների գրանցամատյանում: Կենդանիները չեն ունեցել նաև անասնաբուժական վկայական, ինչի հետևանքով խմբաքանակը հետ կուղարկվի Հայաստան: