Մարտին Մկրտչյանի «Քեֆս միլիոն ա» հոլովակը Հայաստանում ամենից շատ դիտվածն է YouТube-ում վերջին մեկ ամսվա ընթացքում: Тhe Pudding հարթակի համաձայն՝ Հայաստանից այն ունեցել է ավելի քան 1,112 մլն դիտում: Հարթակը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում ամենից շատ դիտված հոլովակները:
Նշենք, որ YouТube-ում ամենից շատը դիտվածը շարունակում է մնալ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի Despacito երգի հոլովակը: Այն պատմության մեջ առաջինն է, որ հատել է 4 մլրդ դիտումը:
Հարևան Ադրբեջանում ամենից շատ դիտվածը Վազիֆ Ազիմովի Derdim Dinle («Դարդս լսիր») հոլովակն է՝ ավելի քան 2,276 մլն դիտումով:
Մինչդեռ Վրաստանում մեծ ժողովրդականություն է վայելել YouТube-ում ռեկորդային դիտումներ ունացած Despacito երգը: Այստեղ այն լսել են 1,495 մլն անգամ: Երկրում դիտել են նաև Ալեքս Միկայի Dalinda կոչվող երգի հոլովակը՝ ավելի քան 995.000 դիտում:
Թուրքիայում ամենից շատ դիտվածը İki Aşık («Երկու սիրահար») երգի հոլովակն է: Այն դիտվել է ավելի քան 46 մլն անգամ:
Իրանում դիտված հոլովակների մասին տեղեկատվությունը բացակայում է, քանի որ երկրի տարածքումYouТube-ն արգելափակված է: