1 փետրվարի 2018 - 16:52 AMT
Լավրովը հուսով է, որ ԵԱՀԿ առաքելության համալրման մասին պայմանավորվածությունը շուտով կյանքի կկոչվի

Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների առաքելության համալրման մասին պայմանավորվածությունը շուտով կյանքի կկոչվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ բանակցությունների ավարտին:

2018-ին Իտալիան է ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը:

Լավրովն ասել է, որ նախկինում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը մի քանի հոգով համալրելու մասին:

«Ըստ իս, կողմերը հիմա մոտ են այդ պայմանավորվածության իրականացման կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանը, մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա այն արագ գործարկել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, ներկայացնելով 2018-ին ԵԱՀԿ նախագահության գերակայությունները, հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ընթացքում առաջնային է լինելու Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքի ձգձգվող հակամարտությունների հանգուցալուծման ուղիների որոնումը: «ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամին և ԵԱՀԿ տարածքի այսպես կոչված ձգձգվող հակամարտություններին՝ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Վրաստանի հակամարտություններին»,-ասել էր նա: