1 փետրվարի 2018 - 16:59 AMT
Զեկույց. ՀՀ-ն ավտորիտարից հիբրիդային ռեժիմով երկիր է դարձել

Հայաստանը 167 երկրիի շարքում 111-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական Economist Intelligence Unit հետազոտական և խորհրդատվական ընկերության «Ժողովրդավարության ինդեքս-2017» վարկանիշում:

Զեկույցի համաձայն Հայաստանը 4,11 միավորով դասվել է հիբրիդային ռեժիմ (ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ) ունեցող երկրների շարքին:

2016-ի զեկույցում Հայաստանն ավտորիտար երկրների խմբում էր և զբաղեցրել էր 120-րդ տեղը:

Հարևան Ադրբեջանը ընդգրկվել է ավտորիտար երկրների շարքում. վարկանիշում այն 148-րդն է: Վրաստանը և Թուրքիան համարվում են հիբրիդային ռեժիմով երկրներ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 79-րդ և 100-րդ հորիզոնականները: Իրանը նույնպես ավտորիտար է՝ 150-րդ հորիզոնական։

Զեկույցում նշում է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ավտորիտարներից հիբրիդայինների խմբում հայտնվելով, սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնցով կառավարման նախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանականի։

Վարկանիշը ժողովրդավարության մակարդակով գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան և Դանիան։ Ամենաավտորիտար եկրներն են Հյուսիսային Կորեան, Սիրիան, Չադը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: