2 փետրվարի 2018 - 16:08 AMT
Եղեգնաձորում գինու միջնադարյան հնձան են գտել

Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է գինու միջնադարյան հնձան: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Արգիշտի Միքայելյանը:

Նրա խոսքով, պեղումներն իրականացրել է հնագետ, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը:

«Սա վկայում է այն մասին, որ Վայոց ձորի մարզը դեռևս հնուց ունեցել է գինեգործության հարուստ մշակույթ, որը պահպանվում և զարգանում է մինչև օրս»,- գրել է օգտատերը:

2010 թվականին Վայոց ձորի մարզում «Արենի 1» քարանձավային համալիրի հետազոտության ժամանակ գինեգործության հին վկայություններ են հայտնաբերել, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն: Առաջին անգամ այս քարանձավում գինեգործության հետքեր էին գտնվել դեռ 2008-ին: Արենի քարանձավում գտնված մի քանի կերամիկական խեցամանների վրա հայտնաբերված նյութերի քիմիական անալիզը թույլ տվեց ապացուցել, որ քարանձավի բնակիչներն իսկապես զբաղվել են գինեգործությամբ մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին:

Photos from Argishti Mikayelyan's FB page