2 փետրվարի 2018 - 17:29 AMT
Բելառուս փորձագետ․ ՀՀ-ն կարողացել է կանխել «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին

Հայաստանը կասեցրել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի վաճառքը: Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նրա խոսքով, երկիրը ցանկանում էր վաճառել համակարգերը Ադրբեջանին, սակայն Հայաստանը դեմ է եղել:

«Գործարքը չի կայացել. ՀԱՊԿ-ի մեր գործընկերը դեմ էր: Հնարավոր է՝ «Պոլոնեզ» համակարգերի առաջին գնորդը Ղազախստանը դառնա», - ասել է վերլուծաբանը:

Նա նաև հայտնել է, որ Բելառուսը պատրաստվում է ոչ մահաբեր սպառազինություն վաճառել Հայաստանին:

Ավելի վաղ, ԶԼՄ-ներն ակտիվորեն շրջանառում էին Բելառուսի և Ադրբեջանի միջև $170 մլն-ի սպառազինության ձեռքբերման գործարքի մասին լուրը: Նշվում էր, որ Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է, և կանխավճար է տրվել համակարգերի առաքման համար:

Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո:

«Պոլոնեզը» չին-բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ կայան է։ Կայանը նախատեսված է 8 հրթիռի արձակման համար, հեռահարությունը կազմում է 50-200 կմ: