2 փետրվարի 2018 - 18:07 AMT
«Ստեփան Գիշյան» հիմնադրամ․ Մարդիկ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։

«Միայն 2017-ի ընթացքում 2-ից 18 տարեկան մոտ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ հենաշարժողական խնդիրներ կան, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։ Շահառուները ոչ միայն Երևան քաղաքից են, այլև հարակից մարզերից, և հասկանալի է, որ նրանք մինչև կենտրոն հասնելը խոչընդոտների են հանդիպում։ Չէինք կարող անմասն մնալ և չաջակցել այս կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացրած մեծածավալ և չափազանց կարևոր աշխատանքին։ Միկրոավտոբուսը ծառայելու է նրան, որ երեխաներն անվճար տեղափոխվելու են տնից վերականգնողական կենտրոն և հակառակը. հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա», - իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Անկախություն ստանալու համար երեխաների մոտ պետք է զարգացնել կարողությունները: Մեր կենտրոնում երեխաները ստանում են մակրո- և միկրոմիջավայրում անկախության հմտություններ, ինչը ներառում է նաև ինտեգրում հասարակությունում: Շատ կարևոր է, որ հասարակությունը կարևորի բազմազանությունը․ մարդիկ շատ տարբեր են մաշկի, աչքերի գույնով, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել: Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների անցկացման վայրեր, ամառային ճամբարներ և այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- իր խոսքում նշել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անվճար հիմունքներով խորհրդատվության և ուղղորդման տեսքով աջակցություն է ցուցաբերում տարբեր տարիքային խմբերի սահմանափակ առողջական հնարավորություն ունեցող 1000-ից ավելի քաղաքացու։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: