3 փետրվարի 2018 - 11:53 AMT
Փարիզի ահաբեկչությունը կանխած հայը Քլինթ Իսթվուդի ֆիլմում կմարմնավորի ինքն իրեն

Սորբոնի համալսարանի ծագումով հայ դասախոս Մարկ Մուղալյանը մարմնավորում է ինքն իրեն 2015 թվականին Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում իր մասնակցությամբ կանխված ահաբեկչական գործողության մասին պատմող՝ ամերիկացի ռեժիսոր Քլինթ Իսթվուդի 15:17 to Paris ֆիլմում: Այս մասին գրում է The Armenian Weekly պարբերականը:

The 15:17 to Paris-ի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին:

Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել է նաև Մուղալյանի կին Իզաբել Մուղալյանը, որը կանխված ահաբեկչական գործողության օրը նույնպես եղել է գնացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան Warner Bros. Pictures կինոարտադրող ընկերությունը հրապարակել է ֆիլմի թրեյլերը:

2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին:

Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի:

Photo. The Telegraph