Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը գալիս է մի երկրից, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք ունենալ: Այսպիսի հայտարարություն է արել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Նրա խոսքով, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «զինագործների» ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ինքը հանդիպել է նախկինում։ Մարզիչը նշել է, որ միշտ հավանել է Հենրիխի խաղը:
«Նա խաղում է՝ ամբողջությամբ նվիրվելով խաղին»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:
Մխիթարյանն էլ ասել է՝ ուրախ է, որ գործակցությունն իր նոր թիմակիցների հետ լավ է ստացվում:
«Ես շատ երջանիկ եմ այն առիթով, որ ոչ միայն գոլային փոխանցում եմ արել Օբամեյանգին, այլ նաև Արոնին: Մենք խաղացինք շատ լավ հարձակողական ֆուտբոլ առաջին խաղակեսին: Կարող եմ ասել, որ ես իսկապես հավանում են «Արսենալի» խաղը և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։