7 մարտի 2008 - 14:38 AMT
Առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում
Մոտ ապագայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, մինչեւ ապրիլի 9-ը մեկ ամիս է մնացել եւ հանդիպման հնարավորությունը շատ փոքր է: Այնուամենայնիվ, Սողոմոնյանը կարծում է, որ ինչպես նախկինում , այնպես էլ ապագայում ցանկացած հարմար առիթ կօգտագործվի երկու երկրների նախագահների հանդիպման համար:

Նախագահի մամլո քարտուղարը հաղորդել է նաեւ, որ Հայաստանի նախագահը հանդիպել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: «Քննարկվող հարցերի թվում են` հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանում: Մենք հուսով ենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, եւ այն սադրանքները, որ վերջին օրերին եղել են սահմանին, կդադարեն»,-ընդգծել է Սողոմոնյանը:

Նշենք, որ ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը: