6 փետրվարի 2018 - 12:35 AMT
Արմեն Սարգսյանն ու Բրիտանիայի պետնախարարը քննարկել են ԼՂ կարգավորումը

Փետրվարի 5-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։

Կողմերը նաև անդրադարձ են կատարել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։