6 փետրվարի 2018 - 17:13 AMT
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի միջոցառումները կսկսվեն Մարտունիից ու Հադրութից

Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջացոռւմներն Արցախում կմեկնարկեն Մարտունիում և Հադրութում և կշարունակվեն հանրապետության մյուս շրջկենտրոններում: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստում:

Հանձնաժողովի անդամներին է ներկայացվել փետրվարի 10-ից մինչև փետրվարի 20-ը նախանշված միջոցառումների բեմագրերը, որոնց վերաբերյալ մտքեր են փոխանակվել և տրվել կոնկրետ հանձնարարականներ:

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին Ստեփանակերտում: Այդ օրը, համաձայն իրադարձությունների ժամանակացույցի, մայրաքաղաքում առաջին հանրահավաքի օրը միջոցառումները կսկսվեն Արցախի պետական համալսարանից: Նախատեսվում է քայլերթ՝ դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կկազմակերպվի հանրահավաք:

Հոբելյանական միջոցառումներում ներգրավված են լինելու 88-ի առաջամարտիկները, ովքեր հանդես են գալու ելույթներով և դասախոսություններով: Նախատեսվում է նաև տոնական համերգ:

Հաջորդ կարևոր միջոցառումները տեղի են ունենալու փետրվարի 19-ին և 20-ին՝ Արցախի վերածննդի օրը: Հարգանքի տուրք կմատուցվի հանրապետության ողջ տարածքում՝ արցախյան ազատագրական շարժման զոհված և մահացած ակտիվիստների հիշատակին, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ, հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: