7 մարտի 2008 - 15:41 AMT
Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձն ի սկզբանե տապալման էր դատապարտված
«Կարծես թե, իրոք Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ կատարվեց: Սակայն այն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ի տարբերություն այն երկրների, որտեղ «գունավոր հեղափոխությունները» հաջողվեցին, Հայաստանում կան գործոններ, որոնք հաշվի չառան այդ անկարգությունների կազմակերպիչները: «Առաջին հերթին, իշխանությունները Հայաստանում վայելում են հասարակության վստահությունը: Դա հաստատեցին նախագահական ընտրությունների արդյունքները: Երկրորդը, հայ հասարակության մեծ մասը ցանկանում է էվոլյուցիոն առաջընթաց զարգացում, որը կար վերջին յոթ տարիներին: Եվ համաձայն չէ, ի տարբերություն որոշ արմատական ընդդիմադիրների, հին էլիտայի ռեվանշին: Իսկ տեղի ունեցածը հենց այն ուժերի ռեվանշի փորձն էր, որոնց ժամանակ Հայաստանը 90-ականներին վերապրեց իր ամենամութ ու ցուրտ տարիները: Ինչպես այդ խոսքերի ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: